Բանաստեղծ ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆԸ հերթական անակնկալը ներկայացրեց ընթերցողին. «Քաջերը մահ չունեն» ժողովածուից հետո հրատարակեց «Հայրենյաց զինվորները» գիրքը՝ հայրենապատկեր կազմով ու հայրենիքի պաշտպան երկու զինվորների լուսանկարներով: Իսկ և իսկ մեր փոթորկուն և հերոսական ժամանակաշրջանի խոսուն պատկեր:
Բացելով գիրքը` սիրտս մորմոքվեց, երբ հենց առաջին էջին կարդացի հետևյալ ընծայականը «Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհված հայրենյաց զինվորների ՝ ՌՈԲԵՐՏ ԵՎ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»:
Աստվա՜ծ իմ… Միևնույն գերդաստանից 20-ամյա երկու դյուցազուններ, որոնք կյանք էին մտել մաքառելու, արարելու, ծնողներին, հարազատներին, ազգին երջանկացնելու երազանքով, սրտի թելադրանքով զենք են վերցրել ու նետվել կռվի դաշտ մեր դարավոր թշնամու ՝ ազերի-թուրք հրոսակների դեմ հանուն Հայոց հնամյա հողի անբաժանելի մասը կազմող Արցախ աշխարհի ազատության և անկախության: Աստվա՜ծ իմ, երկու դյուցազն, երկու սուրբ նահատակ՝ Ռոբերտ և Լևոն անմոռանալի անուններով …
Գիրքը կարդալուց հետո մեր ազգային ճակատագրի թելադրանքով վերհիշեցի անմահ Սիամանթոյի սրտակեղեք արտահայտությունը «Կոտորա՛ծ, կոտորա՛ծ, կոտորած» և ասես շարունակեցի նրան, շշնջալով. «Պատերա՛զմ, պատերա՛զմ, պատերա՛զմ»: Խոսքը 1988-1994, 2016-ապրիլյան, 2018-տավուշյան պատերազմների մասին է, որոնց շարունակությունը մերօրյա գոյամարտն է՝ ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական թափթփուկների դեմ:
Սեպտեմբերի 27-ից սկիզբ առած այս աննախադեպ պատերազմի ծանր օրերին լույս ընծայված վերոնշյալ գիրքը ոչ միայն սրտապարար հիշողություն է, այլև անցած օրերի հերոսական գոյամարտի դաս ու խորհուրդ մերօրյա ազատամարտիկների համար:
Հաճելի է նշել, որ գիրքը խմբագրել և նախաբանը գրել է մեր մշակույթի վարպետներից մեկը՝ բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը: Պարզվում է, որ նահատակված հերոսի՝ Ռոբերտի, հայրը՝ Աշոտը, ժամանակին եղել է Լյուդվիգի աշակերտը Ելփին գյուղում: ՈՒ դժվար չէ ամբողջությամբ հասկանալ Լ. Կարապետյանին, որը գոհունակությամբ ընգծում է. «Եվ ինքս էլ, մասնակցելով այս գրքի երկունքին, դրանով իսկ իմ խոնարհումն եմ բերում երախտագետ նախկին աշակերտիս՝ Աշոտ Հարությունյանին, ով դաստիարակել է հայրենանվեր այնպիսի հերոս զավակ, ինչպիսին Ռոբերտ Հարությունյանն էր»:
Գրքի բուն մասը ներկայացվում է Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Վասն հայրենյաց մեռար, դուն շատ ապրեցար» թևավոր խոսքով: Ապա բերվում է Ռոբերտ Աշոտի Հարությունյանի կենսագրական այցեքարտը, որտեղ համառոտ նշվում է, որ Ռոբերտը ծնվել է 1974 թ. օգոստոսի 6-ին Ջերմուկ քաղաքում: Սովորել է ծննդավայրի N 2 միջնակարգ դպրոցում», զուգահեռ ավարտել երաժշտական դպրոցի պարի բաժինը: Հայրը՝ Աշոտ Հարությունյանը, «ավտովարորդ, էլեկտրիկ, մայրը՝ Վարդիթեր Միքայելյանը, տնային տնտեսուհի»: ՈՒթամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Կապանի շինարարական տեխնիկումը, ավարտել 1993-ին և ստացել շինարարի որակավորում: Այդ ժամանակ Արցախյան ազատամարտը թեժ ընթացքի մեջ էր, և չափահասության սահմանը նոր հատած պատանին 1993-ի հունիսի 2-ին զորակոչվում է և ծառայության անցնում Կապանում տեղակայված զորամասում: Այնուհետ մասնակցում է Ֆիզուլիի և Ջաբրայիլի ազատագրման մարտերին և 1994 թվականի մարտի 5-ին զոհվում է Հորադիզում թշնամու հարձակմանը դիմագրավելիս: Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Արցախյան ազատամարտի մասնակից» կրծքանշանով:
Այս համառոտ կենսագրական տեղեկություններին հաջորդում են այնպիսի նյութեր, որոնցում ընթերցողի աչքերի առջև հառնում է աստվածանվեր մի պատանի, որի կյանքը նման է հեքիաթի, և որի խավարը ցրող հերոսը հենց ինքն է, յոթգլխանի հրեշին ոչնչացնող դյուցազնը ինքն է:
Գրքի հեղինակը Ռոբերտի կերպարը ամբողջական ներկայացնելու համար զետեղել է ծնողների, քույրերի, ուսուցիչների, մտերիմ ընկերների հուշերը։ Դրանք կարոտի, թախծի, հպարտության զգացումներ են, հայ ժողովրդի ապրելու բանաձևի գոբելենված հյուսվածքներ: Ռոբերտ Հարությունյանի դիմանկարը բնութագրվում է որպես «Գեղատեսիլ բնաշխարհի զավակ», «Դեպի ռազմադաշտ, դեպի հերոսացում» սլացող մարտիկ, «Հայ զինվորի իսկական կերպար», «Առաջին սերը երգող բանաստեղծ», «Հավատարիմ ընկեր» «Քույրերի թիկնապահ եղբայր»։
Զարմանալի, հիանալի օջախի որդի Ռոբերտը իր սխրանքով, իր նահատակությամբ ապրում է, թևավորում, կյանքի նոր բարձունքների տանում նոր ռոբերտներին: Աշոտ Հարությունյանի Սրբուհի, Վարդան, Լուսինե, Մանուշակ զավակները, կազմելով օրինակելի ընտանիքներ, իրենց նահատակ եղբորը՝ Ռոբերտին, համարում են հայրենիքի նվիրյալ, որի հիշատակը հավերժվելու է ժողովրդի պատմության էջերում: Այսօր ինչպես Վարդանի, այնպես էլ Սրբուհու տղաները կրում են Ռոբերտ անունը։ Սրբուհու Ռոբերտ որդին այս հերոսական օրերին ծառայում է Հայոց բանակում` իր քաջազուն քեռու օրինակով պաշտպանելով հայրենիքի սահմանները:
Վ. Խանոյանի «Հայրենյաց զինվորները» գրքի երկրորդ մասը նվիրված է Աշոտի Տիգրան հորեղբոր Աղվան որդու զավակ Լևոն Հարությունյանի սխրանքին: Այստեղ էլ նշվում է Լևոնի կենսագրական այցեքարտը: Ծնվել է 1973 թ. նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում: Սովորել է ծննդավայրի դպրոցում, զբաղվել սպորտով, տիրապետել է կարատե մարզաձևին: 1991-ին զորակոչվել է զինվորական ծառայության Գյումրիի զորամասում, որտեղից, երդման արարողությունից անմիջապես հետո կամավորագրվելով՝ ցանկություն է հայտնում մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը: Եղեգնաձորի շրջանի կամավորների ջոկատի հետ Լևոնը միանում է Գորիսում տեղակայված զորամասի մարտիկներին, որտեղ նշանակվում է դասակի հրամանատար, ակտիվորեն մասնակցում Խնձորեսկի, Կուբաթլիի, Քելբաջարի, Լաչինի, Հորադիզի պաշտպանության մարտերին, արժանանում պատվոգրերի ու շնորհակալագրերի:
1994 թվականի հունվարի 26-ի վաղ առավոտյան Հորադիզի Մահմուդ գյուղի բարձունքը գրավելիս զոհվում է թշնամու նռնակից:
Լևոնը հետմահու պարգևատրվել է «1993-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով և «Արիության համար» մեդալով:
Հավատարիմ ստեղծագործական իր նախասիրություններին, Վ. Խանոյանը այս դեպքում էլ դիմել է Լևոնի ուսուցիչներին ու հարազատներին: Ահա թե ինչպես է բնութագրում Լևոնին նրա ուսուցիչ Մարտիկ Խուդոյանը: Վկայակոչելով մեր ժողովրդի հերոսական անցյալը` ուսուցիչը բերում է պատմահայր Մովսես Խորենացու թևավոր խոսքը. «Թեպետ մենք փոքր ազգ ենք, և թվով սահմանափակ և զորությամբ թույլ, և շատ անգամ օտար թագավորների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշատակելու շատ սխրագործություններ են կատարվել»:
Եվ տեղին ու ճիշտ է տրամաբանում հերոսի ուսուցիչը, նշելով, որ պատմահոր խոսքերն ասես գրված են մերօրյա հայորդիների մասին, որոնք ադրբեջանցիների դեմ պայքարում պաշտպանում էին մեր սուրբ հողը Արցախում և Հայաստանում:
ՈՒսուցիչը սրտաբուխ հպարտությամբ Լևոն Հարությունյանին գնահատում է որպես համեստ-նպատակասլաց սան, որին բոլորը փայփայանքով անվանում էին «Պոնչո»:
Ընկերների հետ նետվելով մարտի, Լևոնը լավ էր գիտակցում, որ պետք է ազատագրել հայոց Արցախը ազերի-թուրքերի 70 տարիների ծանր ու հայահալած լծից: Եվ 1992-1993 թվականներին, երբ Արցախի պատմության ամենաարյունալի տարիներն էին, Լևոնն իր ընկերների հետ մեկնեց կռվի ամենաթեժ կետերից մեկը՝ Հորադիզ: Մինչև 1994-ի հունվարի 24-ը մասնակցում էր դիրքերի պաշտպանությանը: 1994-ի հունվարի 26-ին բարձունքի վրա թշնամու նետած նռնակից հերոսաբար զոհվում է Լևոնը իր վեց ընկերների հետ:
Բանաստեղծական-սրտապարար ընդհանրացմամբ է ավարտում իր խոսքը Լևոնի ուսուցիչը. «Չկա այլևս Լևոնը, բայց չկա այնպես, ինչպես այն ցորենի հատիկը, որն իր մահով բազմաթիվ կյանքեր է պարգևում»: Կանցնեն տարիներ, և հայոց պատմությունը բաց կանի իր փառավոր էջերից մեկը՝ այնտեղ հատկացնելով Լևոնի և Արցախի ազատագրության համար պայքար մղած հզոր ազատամարտիկների անունները՝ ի պահ դարերի:
Լևոնի մասին սիրտ հուզող ու հպարտության զգացումներ արթնացնող պատումներ են եղբոր՝ Անդրանիկ Հարությունյանի և կարատեի մարզիչ Արմեն Սմբատյանի հուշերը:
Ճիշտ է վարվել Վ. Խանոյանը՝ գրքում զետեղելով «Պատմում են լուսանկարները» առանձին բաժին, որտեղ ամեն լուսանկար կյանքի մի թանկ պահ է՝ հերոսների մանկությունից մինչև ռազմաճակատ մեկնելը, ամեն լուսանկարը մի սրբազան հիշողություն է:
Վ. Խանոյանի «Հայրենյաց զինվորները» գիրքը պարունակում է մի շարք հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ Ջերմուկ առողջարանի մասին: Ինչպես Արցախի և Հայաստանի նշանավոր բնակավայրերից, այնպես էլ Ջերմուկից Արցախյան ռազմաճակատ են մեկնել մի քանի տասնյակ ազատամարտիկներ, որոնցից 21 հոգի իրենց կյանքն են նվիրել հայրենիքի ազատագրմանն ու հարատևելուն:
Վ. Խանոյանը հայտնում է, որ առանձին տներից մարտերին մասնակցել են հայր ու որդի միաժամանակ: Իր բանաստեղծություններից մեկում, որ նվիրված է Ռոբերտ Հարությունյանին, Վարդգեսն ընդհանրացնում է այսպես.
Մեր հայ զինվորը ազգի պատիվն է,
Անդրանիկի և Նժդեհի զարմը,
Ո՞ր մեկին հիշես, նրանք անթիվ են.
Բեկորը, Ավոն և Ազգալդյանը:
… Մեր հայ զինվորը պապի քաջ թոռն է,
Մեծ հաղթանակի օրը դեռ կգա,
Երբ թոռը պապի պաշտպանն է դառնում
Մարտի մեջ նրան պարտություն չկա:
Նման գրքի և նման պոետական հավատի համար սրտանց ողջունենք Վ. Խանոյանին և սպասենք նրա նոր ժողովածուին՝ մեր նորօրյա ահեղ պատերազմի նվիրյալ զինվորների մասին:
Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ